Թեքսասում մահապատժի են ենթարկել 43-ամյա Ջերի Մարթինին՝ փախուստի փորձի ու դրա արդյունքում բանտի աշխատակցուհում մահվան մեղադրանքով:
50-ամյա բանտարկության դատապարտված Մարթինը եւս մեկ դատապարտյալի հետ 2007-ի սեպտեմբերին փորձել է փախչել բանտից: Այդ ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել էր բանտի 59-ամյա աշխատակցուհի Սյուզան Քենֆիլդը: Փախուստից կարճ ժամանակ անց բանտարկյալներին բռնել էին:
Մահից առաջ դատապարտյալը ներողություն է խնդրել զոհված տիկնոջ բարեկամներից, որոնք բանտ էին եկել մահապատժին ականատես լինելու համար: Մարթինի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել բանտի աշխատակցուհուն, դա ապերջանիկ պատահականություն է եղել: Ավելի վաղ Մարթինը հրաժարվել էր խնդրագիր ներկայացնել՝ ներման համար, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Սպանված կնոջ ամուսինը, ով նախկինում եւս ոստիկան է եղել, մահապատժի օրը արդարության վերականգնման «մեծ օր» է կոչել: Նա հայտարարել է, որ լսել է դատապարտյալի վերջին խոսքերը, սակայն դրանց իսկությանը չի հավատում:
Մարթինի մահապատիժն այս տարի Թեքսասում իրականացրած մահապատիժներից 16-րդն էր: Տարիներ շարունակ Թեքսասն ամերիկյան նահանգներից առաջին տեղում է՝ մահապատիժների թվով:





























