«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու պահանջով Ազգային ժողովի առջեւ դեկտեմբերի 4-ին հավաքված ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր նախաձեռնությունների անդամները երթով շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից կքայլեն դեպի կառավարություն, ապա ՀՀԿ գրասենյակ: Նրանց միացել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Դեկտեմբերի 4-ին ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած՝ կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկը մերժվել է 54 «դեմ», 46 «կողմ» ձայներով։

Քվեարկությունից հետո դրսում հավաքված ցուցարարներին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Արծվիկ Մինասյանը կոչ են արել շարունակել իրենց պայքարը, նաեւ հայտարարել են, որ ստեղծել են աշխատանքային խումբ, որն առաջիկա օրերին դիմելու է Սահմանադրական դատարան: Հենց պատգամավորների խորհրդով էլ ցուցարարները որոշել են իրենց երթուղին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցապաստառներով դեպի ՄԻՊ գրասենյակ քայլող ցուցարարներին ուղեկցում են ոստիկանները, իսկ փողոցով անցնող մեքենաները երթի մասնակիցներին սատարում են ազդանշաններով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am