Հայաստանն անտեսված էր Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին, ողջ ուշադրությունն Ուկրաինայի վրա էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան մասնակիցները:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ ֆորումում բոլորը շնորհավորում էին Վրաստանին ու Մոլդովային, իսկ Հայաստանը պարզապես դուրս էր գործընթացից:
«ԵՄ-ն կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի հետ, դրամաշնորհներ կտրամադրի կառավարությանը եւ պետությանը»,- կանխատեսել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի եւ ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանն ու հավելել. «ԵՄ-ն մոնոլիտ կառույց չէ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, բայց Խորը եւ համարարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն ուժի մեջ չի մտնի»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ընդգծել է. «Հայաստանցիները, այս տարիների ընթացքում շփվելով Եվրոպայի հետ, շատ լավ կարող են ԵՄ-ն համեմատել Մաքսային միության անդամներ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ, որոնք կոռուպցիայի առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են:
Չկա բանական որեւէ մեկը, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ համեմատություն անելով՝ նախապատվությունը տա Ռուսաստանին,- վստահ է Բարսեղյանը,- հիմա Հայաստանը մաքսային ոլորտում որոշումներ կայացնելը պատվիրակելու է վերպետական կառույցի, ինչը հակասում է Սահմանադրությանը: Այս առումով ՄՄ-ին անդամակցելու որոշումը համարում ենք դավաճանական»:
Սոնա Այվազյանի համոզմամբ՝ Հայաստանի պետությունը եվրաինտեգրման ուղղությամբ աշխատանքներ տանելուն զուգահեռ ամեն ինչ անում, որ եվրոպական արժեքները թյուր ընկալվեն. օրինակ` որպես միասեռականներին եւ ընտանիքը քայքայելուն միտված:
«Եթե Ռուսաստանին պետք են ոչ կայուն հարեւաններ, որոնց գործերին ցանկացած պահի կարող է միջամտել, կոնֆլիկտներ հրահրել, իր շահերին լուծում տալ, ապա Եվրոպային պետք են կայուն հարեւաններ, որովհետեւ ժողովրդավարությունը ի վերջո բերում է կայունության»,- շարունակեց Սոնա Այվազյանը, ով նաեւ հիասթափեցնող է համարում այն փաստը, որ եվրոպացիները Վիլնյուսում չհնչեցրին ինքնաքննադատական գնահատականներ, թե արդյոք իրենք դեր ունեի՞ն նրանում, որ Հայաստանում այդպիսի ձախողումներ եղան, արդյոք իրենք, Հայաստանի ընտրությունները գնահատելիս չե՞ն կիրառել երկակի ստանդարտներ:
Այն, ինչ այս պահին անվանում ենք եվրոպական արժեք, իրականում համամարդկային արժեքներ են: Այն, որ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ընթանա համամարդկային արժեքներով: Հայաստանը չի դադարեցնում էր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին»,- հավելել է Իզաբելլա Սարգսյանը:
Նրա համոզմամբ՝ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակները պետք է ավելի ակտիվ աշխատեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:
«Հայաստանն օգնություն չի ստանալու որեւէ տեղից, ուստի միայն մեր ուժերին պետք է ապավինենք ժողովրդավարական եւ իրավական երկիր դառնալու ճանապարհին: Այդ պատասխանատվությունը մեր սերնդի վրա է: Այլընտրանքն է` դառնալ ինչ-որ մի պետության գուբերնիա: Մենք պատմական նշանակության մարտահրավերի առաջ ենք կանգնած՝ կորցնելու մեր ինքնիշխանությունը, որը նվաճել են մեր ծնողները»,- եզրափակել է Սարգսյանը:





























