Ապրիլի 8-9-ը Էրեբունի կոնֆերանս դահլիճում, ժամը 9.30-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է կոնֆերանս` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Կոնֆերանսի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրական ծառայությունների օմբուդսմենները, ինչպես նաև վեճերի լուծման արտադատական կառույցների այլ մասնագետներ: Կոնֆերանսին մասնակցելու են նաև ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի, վերահսկող ծառայությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսին մասնակցելու են ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, մասնագետները, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների: Կոնֆերանսի ընդհանուր թվով մոտ 90 մասնակիցների մեջ գերակշիռ մաս են կազմում ՀՀ ֆինանսական շուկայի, մասնավորապես` բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009թ.-ի ընթացքում վերջինիս ամփոփած վիճակագրությունը, ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձը, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները: