Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցն է:
Առանց այդ հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն: Այդ մասին ապրիլի 7-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ համատեղ ասուլիսում:
Մեկնաբանելով նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է սկուտեղի վրա մատուցել 5 շրջանները, այսինքն վերադարձնել Ադրբեջանին, անորոշ թողնելով մնացած սկզբունքային խնդիրների լուծումը այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ Նալբանդյանը նշել է. «Դա ոչ միայն Հայաստանը, եռանախագահներն ել են հասկանում, եւ բոլորն են հասկանում, որ գլխավոր հարցը, հիմնահարցը հիմնախնդրի` Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցն է: Առանց այդ հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն»:
Ինչ վերաբերվում է այն աշխատանքային առաջարկներին, որոնք ներկայացվում են բանակցությունների գործընթացում եռանախագահների կողմից, ըստ նախարարի, «այդպիսի առաջարկներ բազմիցս արվել են, արվում են եւ կարվեն եւ կողմերի միջեւ կքննարկվեն մինչեւ կողմերը հնարավորություն ունենան մոտեցնել իրենց դիրքորոշումները»:
«Սրա մասին ես բազմիցս հայտարարել եմ, վերջին անգամ եռանախագահներն էին հայտարարել երբ որ Հայաստան էին այցելել, որ այսօր բանակցությունների սեղանին գտնվում է Մադրիդյան փաստաթուղթը, մադրիդյան առաջարկները, որոնք ներկայացվել էին 2007թ. նոյեմբերին եւ դա է հանդիսանում բանակցությունների հիմքը` մադրիդյան փաստաթուղթը, իսկ աշխատանքային առաջարկները որոնք ներկայացվում են, կարող են լինել բազմաթիվ այդպիսի առաջարկներ եւ ինչպես ես նշեցի, այդ առաջարկները քննարկվել են, քննարկվում են եւ կքննարկվեն մինչեւ կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:




























