Այսօր` ապրիլի 7-ի առավոտյան ժամը 10-ից «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դիմաց շարունակվել է երեկ Ֆիլհարմոնիայի դահլիճի բակում սկսված պիկետը, որի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել 14 քաղբանտարկյալներին: Երիտասարդ ակտիվիստների մի մասը կալանավորի հագուստով են ու ձեռնաշղթաներով։ Նրանց կրծքերին փակցված են քաղբանտարկյալների անունները: Հիշեցնենք, որ ակցիան կապված է նրա հետ, որ Երեւանում իր համաժողովն է անցկացնում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH):

FIDH-ի ղեկավարն ու համաժողովի անդամները երեկ մասնակցել են ընդդիմության հանրահավաքին եւ պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Դա էր պատճառը, որ պիկետի մասնակիցները համաժողովի բոլոր անդամներին շնորհակալություն էին հայտնում իրենց ցուցաբերած դիրքորոշման համար: Թե՛ երեկ, թե՛ այսօր ոչ մի ոստիկան չի փորձել խոչընդոտել անցկացվող ակցիային:

Ի դեպ, ցույցի ընթացքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից դուրս է եկել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մոտեցել ցուցարարներին: Նա հյուրանոցում հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Վերջինս նույնպես, որոշ ժամանակ անց դուրս գալով հյուրանոցից, մոտեցել է ակցիայի մասնակիցներին, մի քանի հարցեր տվել ու հեռացել:

Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այդ հանդիպմանը քննարկվել են բոլոր հուզող հարցերը, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորումը, հայ-թուրքական գործընթացը, մարդու իրավունքների վիճակը եւ քաղբանտարկյալների ճակատագիրը: Բացի այդ, ԵՄ հանձնակատարին են ներկայացվել քաղաքական ճգնաժամի կարգավորման ՀԱԿ-ի ժամանակացույցը, որն ավելի վաղ ներկայացվել էր ԵԽ-ին: