Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ընդունված քվեարկված օրինագծի նկատմամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը դրական է: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Էմոնոմիկայի նախարարություն կատարած այցի ընթացքում:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տեւական ժամանակ անձամբ եմ զբաղվել եւ ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաեւ՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչեւ տնտեսական, ֆինանսական, եւ ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով եւ, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»:

Սարգսյանը նշել է, թե ամեն օր լսում է տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական եւ մասնագիտական տեսակների. եւ՛ քաղաքականում, եւ՛ մասնագիտականում մշտապես առկա է եւ՛ մակերեսայնություն, եւ՛ բավականին խորքային մոտեցում: «Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ եւ նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաեւ լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, եւ բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է նախագահը: