Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում կատարված սպանությունից:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 13-ին, 00.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը,  ժամը 00.30-ին, «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա»  ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը  դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա  տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով: 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ,    նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:

Պարզվել է նաեւ, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:

Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ակունք գյուղում գիշերը երկու երիտասարդ են մահացել, որոնցից մեկը՝ հրազենային վնասվածքից

Կրկնակի սպանությունից հետո Ակունք գյուղը շրջափակված է. ոստիկաններն արգելել են գյուղացիների ելումուտը