Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, թե Հայաստանի հետ խնդիրները հնարավոր չէ լուծել փակ դռների հետեւից իրար դեմ քարոզչություն անելով:
Թուրքական Haberx կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում պատասխանել է Երեւան կատարած այցի ժամանակ 1915-ի վերաբերյալ իր հայտարարությունները քննադատած ընդդիմադիր պատգամավորներին:
«Այո, ես օգտագործում եմ արդար հիշողություն արտահայտությունը: Ես նաեւ որպես գիտնական հավատում եմ, որ պատմությունը միայն արդար հիշողությունում կարելի է կառուցել: Փակ դռների հետեւից մեկս մյուսի դեմ քարոզչություն անելով՝ հարցերը չենք կարող լուծել: Արդեն սովորական դարձած մեր անգիրները շարունակելով էլ չենք կարող լուծել:
Թուրքիան Ադրբեջան-Հայաստան հարաբերություններն ու Կովկասում իրավիճակն ընդունում է 3 կետով.
1.Թուրքիան եւ Հայաստանը որպես 2 հարեւաններ մեկը մյուսի հանդեպ հարգանք ունենալով ապրեն կողք-կողքի:
2.Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը լուծվի եւ Ադրբեջանից «զավթված հողերը » ազատագրվեն
3.Թուրքերն ու հայերն աշխարհի որ մասում էլ լինեն, 900 տարի միասին ապրած 2 ժողովուրդ, պետք է վերակենդանացնեն ոչ թե 15 կամ 20 տարվա խնդիրները, այլ 900 տարվա համատեղ հիշողությունները եւ ապրեն իրար բարեկամ ժողովուրդներ:
Ես հիմա հիշատակում եմ ձեր հանգուցյալ առաջնորդին (Ալփարսլան Թյուրքեշ-Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր եւ լեգենդար առաջնորդ-խմբ): Երբ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց դեմ պատերազմում էին, Թյուրքեշը Փարիզում հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, որը ես համարում եմ, որ հանցանք չէր, այլ ճիշտ քայլ էր, այդ դեպքում իմ Հայաստան այցն էլ հանցանք չէ: Հայաստանի եւ հայերի հետ համատեղ արդար հիշողության շրջանակում մեր հանդիպումը հանցանք չէ, անհրաժեշտ բան էր»,-ասել է Դավութօղլուն:





























