Հայաստանի իշխանությունները, գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցոր հզորացող եւ կազմակերպվող քաղաքացիական ուժերից, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Այդ մասին ասվում է «Իրավունք եւ Աջակցություն» Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
«Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը:
Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության եւ մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի:
Այդ պատճառով ժողովրդական ընդվզումների ներկայիս գործընթացում ակտիվ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դառնում է հույժ կարեւոր հարց:
Այս կարեւոր գործին հնարավորինս նպաստ բերելու համար ստեղծվել է «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է որակյալ իրավաբանական օգնության միջոցով պայքարող քաղաքացիների, քաղհալածանքների ենթարկվածների եւ քաղբանտարկյալների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության եւ դատարանների անօրինական գործողություններից, ինչպես նաեւ քաղբանտարկյալների եւ քաղհալածանքի ենթարկվածների ընտանիքներին նյութական եւ այլ աջակցություն ցուցաբերել:
Ուստի դիմում ենք մեր ազգի ու պետության ապագայով եւ պայքարող քաղաքացիների ճակատագրով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիներին, արտերկրում ապրող հայությանը, ինչպես նաեւ մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց կոչ ենք անում նյութապես եւ բարոյապես հնարավորինս աջակցել Հիմնադրամին՝ բռնության եւ ապօրինության զոհերին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործը կազմակերպելու հարցում»,- նշել են հայտարարության հեղինակները:





























