Գյումրիում ոստիկանների եւ բժշկի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի կարգավիճակում գտնվող բժիշկ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը: Նա նշեց, որ դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանը՝ կալանքը՝ գրավով փոխարինելու մասին որոշումը, քանի որ համարում է, որ գրավը անթույլատրելի է, Վահագն Մադոյանը կարող է դիմել փախուստի, խոչընդոտել նախաքննությանը:
Առայժմ Վերաքննիչ դատարանում նիստի օրը հայտնի չէ, պաշտպանական կողմը պատրաստել է իր պատասխանը, եւ կարծում է, որ դառախազության բողոքը անհիմն է՝ առանց փաստերի, քանի որ ազատության այս օրերի ընթացքում Մադոյանը ոչ փախուստի դիմելու, ոչ էլ նախաքննությանը խոչընդոտելու փորձ է արել: Նա ամեն օր աշխատանքի է գնում, եւ փաստաբանի տեղեկացմամբ՝ տեղեկանքներ է վերցնելու դրա վերաբերյալ: Թամարա Յայլոյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը պետք է մերժի դատախազության բողոքը: Պաշտպանական կողմն առայժմ սպասում է նախաքննության ընթացքին, որպեսզի այնուհետեւ միջնորդություններ անեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Վահագն Մադոյանը կալանավորվել էր, բայց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել:





























