Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը: Այդ մասին ասվում է ՍԴՀԿ տարածած հայտարարության մեջ:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, վերլուծելով 1991 թ-ից մինչեւ այսօր մեր Հայրենիքում վարվող ներքին քաղաքականությունը, արձանագրում է.

Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը:

1. Այս համակարգը կոչված է հարուստին հարստացնելու եւ աղքատին ավելի աղքատացնելու:

2. Վերջին 24 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունների թեթեւ ձեռքով ոչնչացվել եւ օտարին է հանձնվել Հայաստանի ազգային հարստությունը, որը հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության կարեւորագույն՝ բաղկացուցիչ մաս:

3. Հայաստանն այլեւս սուվերեն պետություն չէ ներքին ռեսուրսների օգտագործման առումով: Առկա համակարգը կուլ է տվել Հայաստանի էներգետիկ, հանքարդյունաբերական, արտադրական համակարգերը, տեղական արտադրողը խեղդված է, իսկ Հայաստանից ամեն տարի դուրս են բերվում միլիարդավոր դոլարների հասնող գումարներ:

4. Հայաստանում առկա է ընկերային անարդարության մի համակարգ, որը երկիրը տանում է դեպի գաղութացման:

5. Հայաստանում շատ մեծ թվերի է հասնում արտագաղթն ու գործազրկությունը, իսկ աշխատավոր զանգվածը, որի հիմնական գործատուն օլիգարխիան է, զրկված է սեփական իրավունքները պաշտպանելու գեթ մեկ տարրական հնարավորությունից:

6. Հայաստանում չեն գործում աշխատավոր մարդուն պաշտպանելուն ուղղված արհմիությունները, խախտված է  վիճակում է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը:

Ելնելով այս ամենից եւ փաստելով, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ՍԴՀԿ-ն կոչ է անում բոլոր ձախ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին օր առաջ համախմբվել եւ ստեղծել  ամուր եւ միասնական միություն՝  հանուն սոցիալական արդարության եւ օլիգարխիկ համակարգի դեմ քաղաքական պայքար սկսելու համար: Այս նպատակով ՍԴՀԿ-ն սկսում է խորհրդակցություններ առանց բացառության բոլոր ձախ ուժերի, այդ թվում նաեւ ձախակողմյան գաղափարախոսություն կրող անհատների հետ, ընդհանուր միասնական պլատֆորմ ստեղծելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն 2014 թ-ի սկզբին կտեղեկացնի հանրությանը իր գործողությունների եւ անելիքների մասին»,- նշել են հայտարարության հեղինակները: