Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել եւ ծեծի է ենթարկել իր աշխատակցիներին: Այս մասին հայտնել են «Արմավիրի» բ/կ տեղափոխված նրա երկու աշխատակիցները:
Ոստիկանությունից դեպքի վերաբերյալ հայտնեցին, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:





























