Ռուսաստանի համար շատ կարեւոր է Ադրբեջանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, եւ դրա գինը կլինի Լեռնային Ղարաբաղը: Այս մասին դեկտեմբերի 16-ին «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգությունն այս պահին շատ թուլացած է, եւ ներկա իրավիճակը նման է 1921թ. վիճակին: «Մենք ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար համագործակցությունը տվել ենք մեկ պետության ձեռքը, հետեւաբար Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է փոփոխություններ սպասել՝ ոչ ի շահ Հայաստանի», - ընդգծել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, 1918-1920թթ. հայ-թուրքական պատերազմից հետո Հայաստանի ինքնիշանության կորստի սպառնալիք էր ստեղծվել: 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԽՍՀ-ն մի կողմից եւ Թուրքիան, ռուսական կողմի մասնակցությամբ, մյուս կողմից «Բարեկամության մասին» պայմանագիր էին կնքել: Պայմանագրի համաձայն՝ Կարսը եւ Արդաղանը անցել էին Թուրքիային: Արարատ լեռը եւս մնացել էր Թուրքիայի տարածքում:
Թուրքիայի կառավարությունը եւ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայնել էին, որ Նախիջեւանի մարզը ինքնավար տարածք կդառնա՝ Ադրբեջանի հովանավորության ներքո: Նման սահմանազատումը այն հիմնական պատճառն է, որի համար ժամանակակից Հայաստանը չի ընդունում Կարսի պայմանագիրը:
Նախքան այն, 1920թ. դեկտեմբերի 2-3-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն ամբողջ Արեւմտյան Հայաստանը փաստացի անցել էր Թուրքիային:




























