Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Օսման Քորութուրքը Դավութօղլուին առաջարկել է Հայաստանի հետ կապված խնդիրը լուծել թափանցիկ ճանապարհով այն ազգային քաղաքական հայեցակարգ դարձնելով։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Օսման Քորութուրքը, դիմելով Թուրքիայի ԱԳ նախարարին, ասել է, թե Թուրքիան այլեւս ընդունակ չէ Մերձավոր Արեւելքի զարգացումներում մնալ խաղից դուրս։ Նա առաջարկել է արտաքին քաղաքականությունը սեղանին քննարկել եւ Եգիպտոսի, Իսրայելի եւ մյուս կարեւոր դերակատարների հետ սկսել կարգավորման գործընթացը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին՝ շեշտելով, թե այն կարեւոր է թե Հայաստանի, թե Թուրքիայի, եւ թե տարածաշրջանի համար։ «Հայաստան հետ սկսված գործընթացը անպայման պետք է Թուրքիայի խորհրդարանում փակ քննարկվի եւ այն թափանցիկ ճանապարհով պետք է դարձնել ազգային քաղաքական հայեցակարգ։»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը։





























