Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Նկարիչների միության հերթական` 18-րդ համագումարը մեկնարկել է Նկարիչների միության արդեն նախկին նախագահ Կարեն Աղամյանի ելույթով, որը ներկայացրեց համագումարի օրակարգը և կարդաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համագումարին ուղղված ուղերձը:

Ելույթ ունեցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը և ասաց, որ շատ հաճախ, այդ թվում նաև արվեստագետների կողմից կարծիքներ են հնչում, թե միություններ մեզ պետք չեն. «Միությունը ընտանիք է, որտեղ կա հայր, մայր, երեխա: Ինչքան որ կա հայ ընտանիքը, այնքան պետք է այն պահպանել, ուստի մենք միություններն էլ պետք է պահպանենք և ստեղծագործենք»:

Համագումարի ընթացքում առաջադրվել է Նկարիչների միության նախագահի 3 թեկնածու` Կարեն Աղամյան, Արմեն Աթանյան և Ռոբերտ Այվազյան: Խոսելով Նկարիչների միության խնդիրների մասին Կարեն Աղամյանը ասաց, որ 690 անգամ ավելացել է Նկարիչների միության շենքի գույքահարկը: Կարեն Աղամյանը դիմեց համագումարի մասնակիցներին` կոչ անելով լրագրողների ներկայությամբ չխոսել ներքին խնդիրների մասին։

Նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը ցուցադրաբար լքեց համագումարի դահլիճը` հայտարարելով, որ Նկարիչների միությունում տիրում է անառողջ մթնոլորտ և արդեն 150 տարի շարունակ այս միությունը հետընթաց է ապրում:

NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում Շահումյանը նշեց, որ ինքը ցանկություն ուներ միավորելու միության անդամներին, որպեսզի կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից. «Բայց ես տեսնում եմ, որ նման ցանկություն չկա»:

Շահումյանը նշեց, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Նկարիչների միությունը սեփական միության անդամների ցուցահանդեսների համար սեփական դահլիճը վարձակալության հիմունքներով է տրամադրում:

Համագումարի ընթացքում միջադեպ տըեղի ունեցավ «Առավոտ» օրաթերթի լրագրողի և Կարեն Աղամյանի միջև։ Լրագրողն Աղամյանին հիշեցրեց համագումարի կարգը, ըստ որի, Աղամյանն այդ պահին համարվում է հավասար թեկնածու և խնդրեց ելույթից հետո տեղ զբաղեցնել նիստերի դահլիճում, այլ ոչ թե բեմի վրա: Աղամյանը կոշտ տոնով ասաց, որ կողմնակի անձինք չխառնվեն համագումարի ընթացքին և «ինչ-որ լրագրող» իրեն թույլ չտա միջամտել կարգին:

Հիշեցնենք, որ Նկարիչների միության համագումարները տեղի են ունենում հինգ տարին մեկ: Կարեն Աղամյանը միությունը ղեկավարում է արդեն 15 տարի: Միությունն ունի մոտ 1100 անդամ, որոնցին մոտ 700-ն են Հայաստանում: Համագումարին մասնակցելու համար գրանցվել են նրանցից 500-ը: Համագումարը շարունակվում է: