Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Նկարիչների միության հերթական` 18-րդ համագումարը, որի ընթացքում պետք է ընտրվի միության նոր նախագահը,  անցնում է լարված մթնոլորտում: Թեկնածուներից Արմեն Աթանյանն իր ելույթի ընթացքում հորդորեց, որ միությունը դուրս հանեն «կոմսոմոլային մտածողության ճգնաժամից»։ Մյուս թեկնածուն՝  Ռոբերտ Այվազյանն էլ խոսեց Նկարիչների միության բացթողումների մասին:

Նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը, որը ցուցադրաբար հեռացավ համագումարի դահլիճից, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծագործական շատ միություններում վստահություն չկա, ժամանակին ունեցվածքի վատնում է եղել և տարբեր խնդիրներ:

«Նույն անվստահությունը մեզ մոտ էլ կա. խմբերի են բաժանվել, մեկը մյուսին չի ընդունում, բայց արվեստը արդարացի հարաբերություններ է սիրում»,-ասաց Հաղթանակ Շահումյանը՝ նշելով, որ միությունը ոտքի կանգնեցնելու ցանկություն չի տեսնում. «Եթե 15 տարի նույն կազմով է, ուրեմն միությունը հետադիմել է, օրինակ` վերջին համագումարից հետո վճարովի են դարձել միության ցուցասրահները»։

Անդրադառնալով ընտրությունների հնարավոր ելքին` Շահումյանն ասաց, որ «ոհմակային մտածողությունը վայրի կյանքում միշտ ավելի ուժեղ է եղել» և, ըստ երեւույթին, այդ մտածողությունը իր արդյունքները կտա: