«Բանդայի» գործով տուժողները հիասթափված են գործի ընթացքից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով գործով դատավորի փոփոխությանը եւ գործը զրոյից սկսելու հանգամանքին:

«Ես, ոչ քննիչ եմ, ոչ՝ դատախազ: Ես այդ մեղադրյալներից միայն մեկին եմ ճանաչել, մյուսներին չեմ ճանաչել: Սկզբից ասում էին պաշտոնյայի տղաներ են, հետո, թե պաշտոնյայի տղաներից մեկի մեքենան են վերցրել: Գործի բացահայտման հետ հույս չեմ կապել: Բա գոնե գողացված ապրանքից մի բան հետ չտա՞ն: Մենք էլ պետք է ապրենք, չէ՞: Ինչի սենց բան ա լինո՞ւմ»,- նշեց Նապոլեոն Ազիզյանը:

Նշենք, որ  օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի: Այս միջադեպից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը: Ավելին` Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ  եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա:

Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա:

Հիշեցնենք , որ «բանդա»-ի  գործով  դատավոր Մխիթար Պապոյանը փոխվել է, քանի որ նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Աբովյանի դատարան, իսկ «բանդայի» գործով դատավոր է նշանակվել Աբովյանի դատարանից Կենտրոնի դատարան տեղափոխված Մեսրոպ  Մակյանը: Ավելին` փոփոխությունից հետո  դատական քննությունը 0-ից պետք է սկսեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: