Վանաձորում սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանի հոր համար իր հարսի պահվածքը խիստ տարօրինակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը եւ ավելացրեց, որ որդու ինքնասպանության գործից դեռ նորություն չունի:
«Ես չեմ կարծում, որ դա փակվող գործ է, բայց դեռ գործը տեղից չի շարժվում: Ասում են հնարավոր է պարտքեր ունենար, քանի որ ոսկի է գրավադրել, բայց մինչեւ հիմա ոչ ոք չի եկել ասել, թե որդիդ ինձ պարտք էր: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Դատի ժամանակ արդեն կերեւա, թե ով ինչ է»,- նշեց Ռոբերտ Մայիլյանը:
Նա նաեւ նշեց, որ գործով կասկածյալներ չկան, սակայն հարսի պահվածքը իր համար տարօրինակ է: «Ընտանիքը լրիվ լռած է: Ընտանիք ասելով նկատի ունեմ իր կնոջը, ով ասում է, թե ես տեղյակ չեմ ու վերջ: Մենք առանձին ենք ապրում: Փորձում եմ հետաքրքրվել, թե ինչ է եղել, բայց ասում է, որ ոչնչից տեղյակ չի, ինչն ինձ հավատ չի ներշնչում: Իրենք իրար հետ շատ լավ են եղել: Ինչպես կարող է այդքան սիրով ամուսիններ լինեին ու ինքը ոչ մի բանից տեղյակ չլինի:
Կասկածելի վարքը նա է, որ խուսափում է ինձ հետ որեւէ հարցով շփվելուց: Ինձ պետք է ճիշտն իմանալ, իսկ ինքը հաստատ մի բան գիտի, բայց լռում է»,- ավելացրեց ինքնասպան եղած ոստիկանի հայրը:
Հիշեցնենք, որ ինքնասպանությունից առաջ Դավիթը մոր մոտ 1,5 միլիոն արժողության ոսկեղենը գրավադրել էր: Սակայն հայտնի չէ, թե նա այդ գումարն ինչի վրա է ծախսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավորապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:





























