Մենք ստիպված ենք հերթական անգամ մեկնաբանել անհեթեթությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենատ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը՝ արձագանքելով, թե ԵԿՄ-ն բաժնված է թեւերի եւ ԵԿՄ-ը նախագահի պաշտոնին այլ հավակնորդներ կան:
«Չեխովյան հայտնի հերոսը հանրահայտ ճշմարտություններ էր ասում` Վոլգա գետը թափվում է Կասպից ծովը: Մենք հիմա ստիպված ենք ապացուցել, որ Վոլգան Կասպիցն է թափվում: Բայց եթե դուք դիմեք այդ հորինվածքի հեղինակներին, նրանք առավել բարդ իրավիճակում պետք է հայտնվեն` ապացուցել, որ Վոլգան Կասպիցը չի թափվում: Իսկ ինչո՞ւ միշտ նման հրապարակումները հենվում են անանուն աղբյուրների վրա: Կա՞ ԵԿՄ թեկուզ մեկ անդամ, որ չի կամենում Մանվել Գրիգորյանին տեսնել ԵԿՄ վարչության նախագահի կարգավիճակում: Եթե կա, գրեք այդ մեկի անունը»,- նշեց Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով, այդ լուրերի անհեթեթությունը բացահայտելու երկու ճանապարհ կա: «Կա` կարճ եւ ավելի կարճ: Դուք կարող եք սպասել 2 ամիս, երբ կկայանա ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարում կտեսնեք, որ չկա Արցախի հերոս Մանվել Գրիգորյանից բացի ԵԿՄ ղեկավարի այլ թեկնածու: 2-րդ ճանապարհն առավել կարճ է: Կարող եք ուղղակի հարցնել Արամ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին` արդյոք նրանք ԵԿՄ վարչության նախագահ դառնալու հավակնություն ունե՞ն, ի՞նչ են մտածում այդ մարդիկ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի մասին, ինչպե՞ս են գնահատում նրա գործունեությունը: Իսկ ԵԿՄ-ն նման զառանցանքներին շատ էլ կարեւորություն չի տալիս: Երկրապահն իր գործով է զբաղված` զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամների իրավունքների պաշտպանություն, պատանի եւ երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ»,- ընդգծեց Վարդան Վարդանյանը:





























