32-ամյա Վահագն Հ.-ն մեղադրվում է նրանում, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում վնասել է ԱԱԾ ԴՆՊ վարչությանը պատկանող գույքը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Վահագն Հ.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 7 հասցեում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, աղմկել է եւ բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ: Նա ոտքերով հարվածել եւ կոտրել է ԱԱԾ ԴՆՊ վարչությանը պատկանող սեղանը՝ պատճառելով 8.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























