36-ամյա Նելլի Հ.-ն մեղադրվում է այն բանում, որ գրկախառնվելով տղամարդկանց հետ, կամ օգտվելով նրանց քնած լինելու հանգամանքից, հափշտակություններ է կատարել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Նելլի Հ.-ն, այս տարվա օգոստոսի 17-ին, Երեւանի Գ. Նժդեհի փողոցի 42 հասցեի մոտ գտնվող թիվ 147 մանկապարտեզի բակում, Նորայր Մ.-ի հետ գրկախառնվելու ընթացքում, վերջինիս գրպաններից գաղտնի հափշտակել է 30 հազար դրամ:
Բացի այդ, նա հոկտեմբերի 26-ին Երեւանի Մ. Խորենացի փողոցի 28 հասցեում գտնվող «Գետառ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, օգտվելով Սուրիկ Հ.-ի քնած լինելու հանգամանքից, վերջինիս տաբատի գրպանից գաղտնի վերցրել է 59 հազար ՌԴ ռուբլի եւ 100 հազար դրամ ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել:
Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 177 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը մակագրվել է դեկտեմբերի 1-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























