Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Լեւ Կուզնեցովը զինված գողերի զոհ է դարձել: Քաղաքական գործչի վրա հանցագործները հարձակվել են Ֆրանսիայում` Կապ-դ’Անտիբ վայրում գտնվող իր առանձնատանը:
Տրավմատիկ ատրճանակներով, արցունքաբեր գազի բալոններով եւ մահակներով զինված գողերը կոտրել էին դուռը եւ տուն ներխուժել:
Հարձակվողներին դիմադրելու փորձի ժամանակ նահանգապետը կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել:
Հանցագործները տնից տարել են թանկարժեք զարդերը` 200 հազար եվրո արժողությամբ:
Հաղորդվում է, որ Կուզնեցովը եւ իր կինն արդեն լավ են: Նահանգապետը Կրասնոյարսկ է վերադարձել: Նիցցա քաղաքի ոստիկանությունն սկսել է զինված հարձակման քննությունը, հայտնում է rbc.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ըստ եկամուտների մասին հաշվետվության` 2012թ. Լեւ Կուզնեցովը վաստակել է 54,8 միլիոն ռուբլի, որի հիմնական մասը ստացել էր 40 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարաններից մեկի վաճառքից: Բացի դրանից, Ֆրանսիայում նահանգապետին են պատկանում 180 քմ մակերեսով տնով հողամաս, ինչպես նաեւ երեք ավտոտնակ: Նահանգապետն ունի նաեւ հետեւյալ մեքենաները`Ferrari 599 GTB, Mercedes-Benz A 200, Mercedes-Benz R500 եւ BMW M5, BMW K1200LT մոտոցիկլետ եւ Sealine T47 արագանավ:





























