Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ստացել է լրագրողների՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքի վերաբերյալ դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե երբ կքննարկվի դիմումը: Դիտարկմանը, թե հնարավորություն կա մինչեւ տարեվերջ այն քննարկելու, պատգամավորն ասաց, որ մինչեւ դեկտեմբերի 25-26-ը աշխատանքի են եւ կարող է մինչ այդ նիստ լինի:

Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստի օրվա մասին տեղյակ չէին նաեւ մյուս անդամները, օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Իսկ հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանից հնարավոր չեղավ նսիտի պրը ճշտել, քանի որ նա այժմ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ հանրապետական Մանվել Բադեյանը լրագրողներից մեկի այն նկատողությանը, որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ռուսերենով հեռարձակումը հակասում է «Լեզվի մասին» օրենքին, պատասխանել էր կոպիտ արտահայտություններով: Դրանից հետո պատգամավորն սկսել է լրագրողներին բարոյախոսություն կարդալ, որ նրանց մակարդակը «փողոցային եզդիների» մակարդակից ցածր է:

Դեկտեմբերի 11-ին լրագրողներին հանդիպելով՝ Մանվել Բադեյանը հայտարարել է, որ մտադիր չէր վիրավորել եզդիական համայնքին, այլ ընդամենը ցանկանում էր ասել, որ որոշ լրագրողների ինտելեկտի մակարդակը ցածր է փողոցները մաքրող եզդիների մակարդակից: Նա նաեւ կոչ է արել լրագրողներին իրեն օրենք չսովորեցնել՝ հավելելով, որ հաղորդումը ռուսերենով հեռարձակելը չի հակասում երկրի օրենսդրությանը. «Դա եւս մեկ անգամ վկայում է ձեր տեղեկացվածության ցածր մակարդակի մասին, դուք օրենքները չգիտեք»: Այս միջադեպից հետո Մանվել Բադեյանը պարբերաբար վիրավորում է լրագրողներին՝ մեկ նրանց հետ խոսելով «արա»-ով, մեկ նրանց անվանելով. «գործ սարքողների նման վիժվածք»: Պատգամավորի այս պահվածքի պատճառով Հայաստանի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները  ստորագրահավաք էին կազմակերպել՝ Էթիկայի հանձնաժողով դիմելու համար: