Պեկինը, զգուշորեն մեկնաբանելով Հյուսիսային Կորեայում Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Չան Սոն Թհեկի մահապատժից հետո ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանման հույս է հայտնել:

Դատելով տեղական մամուլի հրապարակումներից՝ Չինաստանին անհանգստացնում է տարածաշրջանում, առաջին հերթին՝ իր սահմանին իրավիճակի ապակայունացման հնարավորությունը: Բացի այդ, մտավախություն կա, որ Հյուսիսային Կորեայում ներքաղաքական  կոնֆլիկտները կարող են ազդել երկրի տնտեսական շահերի վրա:

Չինաստանն ու Հյուսիսային Կորեան տնտեսական մի շարք խոշոր նախագծեր ունեն, այդ թվում՝ առեւտրի բնագավառում:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին ՍինչԺուում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իր հերթին Չինաստանը Դանդուն քաղաքում 2014թ. սահմանային առեւտրի համալիր էր մտադրվում ստեղծել: Նախագծի արժեքը 2 մլրդ յուան /325,8 մլն դոլար/ է:

«Չինացի վերլուծաբանները ենթադրում են, որ է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քեռու մահապատիժը երկրի տնտեսական ծրագրերի վրա էական ազդեցություն չի թողնի», - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով China Daily-ն:

Չան Սոն Թհեկը բարձրաստիճան պաշտոնյա էր, որը  Չինաստանի հետ տնտեսական համագործակցության բանակցություններն էր վարում:

Նաեւ ընդգծվում է, որ Չինաստանը շարունակում է հետեւել Փհենյանին եւ հույս ունի, որ դրա ներկա քաղաքականության մեջ խոշոր փոփոխություններ չեն լինի: