Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում տղամարդը սպանել է իր անչափահաս հարեւանուհուն, հետո՝ այրել մարմինը: Աղջկա անհետացման մասին տեղեկություններ ոստիկանությանը հաղորդել են դեկտեմբերի 16-ին: Մայրը պատմել է, որ աղջիկը դպրոց է գնացել ու անհետացել:

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 16-ին աղջիկը դուրս է եկել տանից առավոտյան ժամը ութին, որից հետո զանգահարել է ընկերուհուն: Վերջինս լսել է տղամարդու ձայն, որը կանչել է Ալյոնային: Տղամարդն առաջարկել է աղջկան դպրոց հասցնել նրան, որից հետո երեխան կապի դուրս չի եկել:

Աղջկան որոնել են քառասուն ոստիկաններ՝ տասը խմբով, մոտ քսան կամավորներ ու փրկարարներ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Որոնողական միջոցառումների ժամանակ աղջկա բարեկամները բնակավայրից երկու կիլոմետր հեռավորությամբ խարույկի մնացորդներ են հայտնաբերել, որի մեջ մարդկայն մնացորդներ են եղել: Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պարզվեն միջադեպի մանրամասները:

Բոլոր հանգամանքները պարզելուց հետո քննչական մարմինները քրեական գործ են հարուցել: Այս գործի շրջանակներում ձերբակալել են աղջկա 53-ամյա հարեւանին: