Գերմանիայի պաշտպանության նախարար է նշանակվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա երկրի պատմության մեջ պաշտպանության առաջին կին նախարարն է:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախկինում զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Նոր նախարարը 55 տարեկան է, մասնագիտությամբ՝ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու եւ հանրային առողջապահության ոլորտի մագիստրոս: Գիտի անգլերեն եւ ֆրանսերեն, ունի 13 -25 տարեկան յոթ երեխա:
Նրա ամուսինը՝ Հեյկո ֆոն դեր Լյայենը, բժշկության պրոֆեսոր է եւ բիզնեսի զարգացման ընկերության տնօրեն:
Նրանք երկուսն էլ հայտնի ընտանիքներից են:
Նախարարի հայրը՝ Էռնստ Ալբրեխտը, հայտնի քաղաքական գործիչ է եւ Ներքին Սաքսոնիայի նախկին վարչապետը: Մի ժամանակ նա գլխավորում էր Եվրահանձնաժողովը: Նրանց նախնին՝բարոն Լյուդվիգ Կնոպան Բրեմենում բամբակի առեւտրով էր զբաղվում եւ համարվում էր XIX դարի ամենահարուստ վաճառականներից:
Լյայենների ընտանիքը եւս բավական հին եւ հայտնի է, նրանցից են սերել անգամ Հռոմեական կայսրության որոշ կուրֆյուստներ:
Որոշ քաղաքագետների կարծիքով Ուրսուլա ֆոն դեր Լայենի նոր պաշտոնը նրա համար դեպի կանցլերի աթոռ տանող սանդուղք կդառնա:





























