Ադրբջանահայերի բազմաթիվ խնդիրների լուծումը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումներից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանից հայ փախստականների համագումարի պրեզիդիումի անդամ Սուսաննա Մելիքյանը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին ադրբեջանահայերի իրավունքների խնդիրների թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Նրա խոսքով՝ ադրբեջանահայերի խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլեւ հավուր պատշաճի ձեւակերպված էլ չեն: Սուսաննա Մելիքյանը առաջարկել է պատմական փաստերի համար ստեղծել թանգարան ու համակարգել այն մարդկանց աշխատանքը, որոնք հսկայական նյութ են հավաքել:  «Այս 25 տարիների ընթացքում քաղաքական իշխանությունը չի կարողացել գնահատականներ տալ Բաքվի ռեժիմին՝ դրանք կոչելով ինչպես որ կա՝ ցեղասպանություն: Կարծում ենք, որ պետությունը պետք է համապատասխան ուշադրություն դարձնի ադրբեջանահայ փախստականների խնդիրներին»,-ընդգծել է նա: