ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վերադարձրել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի գումարը եւ տոկոսները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանը:
Նա նշեց, որ արդեն ոչ մի գումար չկա գանձելու, ինքը ամբողջ գումարը վերադարձրել է, ամեն ինչ ավարտվել է: «Ես իր գումարները տվել եմ, ինքը թողել, գնացել է, ես իր հետ պրոբլեմ չունեմ»,- ասաց նախկին պատգամավորը:
Նշենք, որ «Փաստինֆոն» գրել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաեւ` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը ֆրանսիայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք: Բայց անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ոչ պարտքը, ոչ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին ի վերջո դիմել է դատարան եւ շահել դատը:





























