«Վանաձորի Տարեցների տուն»  հիմնադրամի բժշկուհի 50-ամյա Մարինե Դ.-ն մեղադրվում է տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին անօգնական վիճակում թողնելու մեջ: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 50-ամյա Մարինե Դ.-ն, հանդիսանալով Վանաձոր քաղաքի Մայմեխի 8 հասցեում գտնվող «Վանաձորի Տարեցների տուն»  հիմնադրամի բժշկուհի, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող եւ անգիտակից լինելու հետեւանքով ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ` թողել է անօգնական վիճակում:

Քրեական գործ է հարուցվել 128  հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  100-150-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը  2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 16-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: