Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Արտակ Կարապետյանը հացադուլի մեջ է մնացել 31 օր: «Հիմա նա բժիշկների վերահսկողության տակ վերականգնում է առողջականը»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը, սակայն չնշեց, թե ինչի արդյունքում է հացադուլը դադարեցրել` դատապարտյալի պահանջները բավարարվել են, թե ոչ: Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը հայտարարել էր , որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ Հայաստանի գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը, որով պահանջում է վերանայել իր գործը:





























