«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կախված իշխանությունների քմահաճույքից, կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության մասին վերջնական որոշման հրապարակումը ՍԴ-ն կարող է ձգձգել մի քանի ամիս։

 Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը երեկ հրապարակայնորեն հայտարարեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի դիմումը վիճահարույց օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ն ստացել է երեկ առավոտյան։ Ըստ ՍԴ կանոնակարգի 18 հոդվածի, դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 12 ժամ հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է դիմումի ընդունման կամ վերադարձման հարցը։ Նույն փաստաթղթի հաջորդ հոդվածով, դիմումի նախնական ուսումնասիրության համար սահմանված է 30-օրյա ժամկետ։ Իսկ ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՍԴ-ն նման գործերով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո։

Իհարկե, ՍԴ-ն կարող է «բարի կամք» դրսեւորել եւ վերոնշյալ դիմումին արագ ընթացք տալ, բայց այս պահին դժվար է ասել, թե վերեւից իջեցված հրահանգն ինչպիսին է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում