Ոստիկանները ճշտում են Ռուսաստանի  Կլիմինո  գյուղում  տարեց ամուսինների  մահվան հանգամանքները:  Դեկտեմբերի 19-ի երեկոյան ոստիկանության տեղամասային լիազորին է դիմել տեղի հիվանդանոցի ֆելդշերը եւ հայտնել, որ  73-ամյա տղամարդը սպանել է կենակցուհուն, հայտնում են ՆԳՆ ՔԿ Կրասնոյարսկի   երկրամասի մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունը ճշտել է, որ այդ երեկո հարեւանուհիները հավաքվել էին իրենցից մեկի տանը, որտեղ ալկոհոլ էին օգտագործել: Այդ ժամանակ կանանցից մեկի կենակիցը մտել էր ներս եւ առանց խոսքի որսորդական հրացանից կրակել իր 42-ամյա  քաղաքացիական կնոջը, որը տեղում մահացել էր: Դա տեղի է ունեցել մանկահասակ երեք երեխաների աչքի առաջ:

Դրանից հետո տղամարդը լքել է  դեպքի վայրը եւ կախվել իր տան բակում:

Պարզվել է՝ մահացածները վերջին տարում միասին  էին ապրում, հարեւանները  նրանց մասին դրական են արտահայտվում, նախկինում դատված չեն եղել: Որսորդական հրացանը տղամարդը ձեռք էր բերել 20 տարի առաջ՝ օրինական հիմքով: Համագյուղացիների խոսքով՝ կինը չարաշահում էր սպիրտային խմիչքները եւ պարբերաբար բացակայում էր տնից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: