Սիրիական  հակամարտության արտաքին մասնակիցների շրջանում հանդուրժողականության մթնոլորտ է նկատվում, ինչը պայմանավորված է հակամարտող կողմերի եւ միջազգային հանրության մոտ վստահություն ստեղծելու ձգտմամբ, դեկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից հետո Սիրիայի շուրջ ձեւավորվել է այսպես կոչված անցումային իրավիճակ: «Այդ ամենը կապված է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հետ: Խոսքը սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հունվարի 22-ին սպասվող կոնֆերանսի մասին է: Դրա հետ է կապված նաեւ այն, որ երկրի ներսում կրկին նկատվում է ռազմական գործողությունների աշխուժացում, քանի որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ավելի վստահ հանդես գալ  սպասվող բանակցություններում», - նշել է Արմեն Պետրոսյանը: Մյուս կողմից էլ, ընդգծել է նա, սիրիական ճգնաժամի արտաքին խաղացողները ձգտում են վստահություն ներշնչել, որ հենց սպասվող «Ժնեւ-2» կոնֆերանսում կկարգավորվի սիրիական խնդիրը: «Նկատելի է հանդուրժողականություն արտաքին խաղացողների շրջանում, ինչպես,  օրինակ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Պարսից ծոցի միապետների եւ Իրանի միջեւ», - նշել է արաբագետը, հավելելով, որ ինչ-որ համաձայնություն կա՝ ցանկացած գնով այդ կոնֆերանսի անցկացնելուն նպաստելու համար:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով կոնֆերանսը, որը պայմանականորեն կոչվում է «Ժնեւ-2», նշանակված է 2014թ. հունվարի 22-ին եւ պետք է տեղի ունենա Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում: