Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում գտնվող օտարերկրյա դեսպաններին խորհուրդ է տվել չխառնվել երկրի ներքին գործերին եւ սադրանք պարունակող քայլեր չանել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նկատի ունենալով ԱՄՆ դեսպանի արած հայտարարությունները Թուրքիայում «մեծ կաշառք» գործողության հետ կապված, ասել է, «Երբեմն դեսպանները որոշ սադրանք պարունակող քայլեր են անում։ Նրանց եմ դիմում՝ ձեր գործն արեք։ Մենք պարտավոր չենք ձեզ մեր երկրում պահել։
Եթե մեր դեսպաններն էլ ձեր երկրում նման բան անեն, մեզ տեղյակ պահեք, մենք նրանց կհեռացնենք»։
Թուրքական Bugün, Yeni Şafak եւ Akşam պարբերականների դեկտեմբերի 21-ի գլխավոր էջի հրապարակումներն ուղղված են եղել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ։ Հիշյալ պարբերականների գլխավոր հրապարակումներում նշվել է, թե «մեծ կաշառք» գործողության առաջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հանդիպել է Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ։
Նշվել է, թե դեսպանների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք պահանջեցինք, որ «Հալք» բանկը խզի կապերը Իրանի հետ, բայց չլսեցին (Ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին մեղադրվում է «Հալք» բանկի միջոցով Իրանի հետ միլիարդավոր դոլարների անօրինական գործարքներ իրականացնելու մեջ-խմբ)։ Հիմա դուք մի կայսրության փլուզման ականատեսն եք լինում»,-ըստ թուրքական Yeni Şafak-ի, ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Սակայն ավելի ուշ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հերքել է այս տեղեկությունները՝ պնդելով, թե ոչ նման հանդիպում է եղել, ոչ էլ ինքը նման բան է ասել։





























