Դեռ պարզ չէ, թե «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելու մասին համաձայնագրի դեմ իրականացված բողոքի ակցիաներն ինչ ընթացք եւ շարունակություն կունենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նրա խոսքով, հետագայում քննարկումները ցույց կտան, թե ինչ կլինի:
«Հիմա դեռ որեւիցե քայլի մասին ես անձամբ տեղյակ չեմ: Սովորաբար հետագա քայլերը որոշում են քաղաքացիները, երենո համախմբվում են եւ ինչ-որ քայլ են ցանկանում անել: Առանձին հատուկ մարդիկ չկան, որոնք որոշում են անելիքները»,-նշեց Գեւորգ Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի արդյունքներին, նա նշեց. «Փաստացի գազային համաձայնագիրն ընդունվեց: Եթե խնդիր էր դրված, որ օրենքը չընդունվեր, ուրեմն մեր ակցիան ինչ-որ բան չփոխեց: Իսկ եթե խնդիր էր դրված, որ ժողովրդի անհամաձայնությունը արտահայտվեր իշխանությանը, իհարկե, մենք մեր անհամաձայնությունը արտահայտեցինք»,- նշեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել էին իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, որի հետեւանքով նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 72 պատգամավոր:
Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ ձեռքով քվեարկությունն օրինական չի եղել եւ չեն բացառում, որ այդ հարցով կդիմեն ՍԴ:





























