«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու տարի առաջ այս օրը կայացած երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ բարդ ներքաղաքական պայմաններում՝ մարտի 1-ի իրադարձություններ, որոնցից հետո հասարակությունը երկփեղկված էր, իշխում էր անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտը, հնչում էին իշխանությունը վերցնելու հեղափոխական կոչեր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ երդմնակալության արարողությունից հետո ծավալած երկամյա գործունեությունը։

Նրա խոսքով, երկրի նախագահը այդ դժվար ժամանակահատվածում կարողացավ քայլեր կատարել, որոնք կայունացրեցին երկրի ներքաղաքական իրավիճակը. «Այդ քայլերից մեկը խորհրդակցական բնույթի հանդիպումներն էին, որոնք սկսվեցին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։ Երկրորդ կարեւոր քայլը Հանրային խորհրդի ստեղծումն էր, որը կոչված էր հասարակության առջեւ ծառացած խնդիրների վերհանման եւ դրանց լուծման համար համապատասխան մեխանիզմներ գտնելուն»,- նկատեց ԱԺ փոխնախագահը՝ միաժամանակ ավելացնելով, որ ներքաղաքական կյանքի կայունացմանն ուղղված քայլերի շարքում ինքը խիստ կարեւորում է ՀՀ նախագահի՝ մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկված մարդկանց համաներում շնորհելը. «Սրանք կանխամտածված եւ կշռադատված քայլեր էին, որոնք կոչված էին հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը կայունացնելուն, երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելուն»,- նկատեց Սամվել Նիկոյանը՝ որպես նախագահի մյուս կարեւոր քայլ նշելով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նրա կողմից այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք հնարավորինս քիչ խոցելի վիճակի կբերեին հատկապես ՀՀ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին։

Անդրադառնալով ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության դաշտում ծավալած երկամյա գործունեությանը՝ Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական եւ կառուցողական քայլերի արդյունքում Հայաստանը դուրս եկավ այն անկլավային իրավիճակից, որում մեզ կուզեին տեսնել մեր հակառակորդները. «Երկրի նախագահի ջանքերով մենք վստահելի եւ հուսալի գործընկեր դարձանք աշխարհի շատ երկրների համար»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը՝ նկատելով, որ նույն նախաձեռնողականությունը Սերժ Սարգսյանը դրսեւորեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Եթե անգամ հայ-թուրքական հարաբերություները մնան նույն փուլում, որում այժմ կան, Հայաստանը դրանից չի տուժի, ավելին շահող դուրս կգա իրավիճակից»,- նկատեց նա՝ ավելացնելով. «Այս երկու տարվա ընթացքում քանի՞ երկրների նախագահներ են եղել Հայաստանում, քանի՞ արտասահմանյան ուղեւորություններ է կատարել ՀՀ նախագահը»։

Ամփոփելով՝ ԱԺ փոխնախագահը հատկանշական համարեց այն փաստը, որ այսօր Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ անգամ Իրանի հետ, որին բոլորը փորձում են ինչ-որ կերպ ճնշել։ «Սա նախագահի վարած արտաքին քաղաքականության ճկունության դրսեւորումն է»,- համոզմունք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ այս օրը՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։