Ապրիլի 9-ին Ինգուշիայի Էկաժեւո բնակավայրում, որտեղ ավելի վաղ մահապարտ կին ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործի դրել, տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ երեք զինյալներ են սպանվել։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ը, պայթյունը տեղի է ունեցել 13։30-ին. կինը դուրս է եկել ավտոմեքենայից եւ ուղղվել ոստիկանների ուղղությամբ։
Մոտենալով նրանց՝ կինը կրակել է ոստիկաններից մեկի վրա,սակայն վրիպել է։ Այն բանից հետո, երբ նրան պատասխան կրակով վիրավորել են, մահապարտ կնոջ մարմնի վրա սկսել է աշխատել պայթուցիկ մեխանիզմը։
«Ինտերֆաքսի» տեղեկացմամբ զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում երեք ոստիկաններ ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը վախճանվել է հիվանդանոցում։
Քննչական մարմիններն արդեն իսկ պարզել են մահապարտ կնոջ ինքնությունը. նա Գրոզնիի բնակչուհի 1984 թ. ծնված Մարինա Եվլոեւան է։ Նախնական տվյալներով, նա Էկաժեւոյում սպանված զինյալներից մեկի կինն է։




























