Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ԱԺ որոշումը՝ գազային համաձայնագրի վավերացման մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ-ից:
Ըսս օրենսդրության՝ արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում կազմում է վավերագիր եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրն ուղարկվելու է ՀՀ նախագահին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով:
Համաձայնագրերին կողմ է քվեարկել 72 պատգամավոր: Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը քվեարկության ժամանակ, այնուհետեւ հայտարարություն տարածել, որում ասվում է, որ «Աժ կանոնակարգ» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: Քանի որ դեկտեմբերի 23-ին Աժ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝ Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մասնակցել որեւէ գործընթացի, ուրեմն հանձնաժողովը «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել, եւ համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված համարել չի կարելի։





























