Հայաստանի ինքնիշխանության կորուստը խիստ չափազանցված քաղաքական բնութագիր է հայ-ռուսական գազային համաձայնագրերի համար, դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ միջազգային քաղաքականության մեջ, առավել եւս հետխորհրդային տարածքում,  շատ դժվար է էներգետիկան առանձնացնել աշխարհաքաղաքականությունից: «Իհարկե, գոյություն ունի զուտ տնտեսական բաղադրիչ, սակայն պետք է հասկանալ, որ ինչպես գազի եւ այլ տնտեսական հարաբերությունների գները, այնպես էլ Ռուսաստանից Հայաստանի գնած եւ անվճար ստացված զենքի արժեքը ամբողջական քաղաքական համալիր են կազմում, որտեղ գազի համաձայնագրերը միայն մեկ բաղադրիչն են», - նշել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ ակնհայտ է, Ռուսաստանը Հայաստանի համար առաջին հերթին ռազմաքաղաքական դաշնակից է: Ըստ Սերգեյ Մինասյանի ՝ դրա հետ է կապված նաեւ Հայաստան ռուսական բիզնեսի ներգրավումը, ինչպես տնտեսական, այնպես էլ տեղեկատվական բնագավառներում: «Ներկայումս Հայաստանն ավելի շահավետ այլընտրանքային առաջարկներ չի ստացել եւ հազիվ թե ստանա: Որոշ դեպքերում դա այն գինն է, որը Հայաստանը վճարում է իր անվտանգությունն ապահովելու համար», - նշել է փորձագետը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ի Հայաստան այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջեւ գազամատակարարման վերաբերյալ  մի շարք համաձայնագրեր էին  ստորագրվել: Դրանք ենթադրում են կուտակված պարտքի կեսը մարելու համար «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի փոխանցում «Գազպրոմ»-ին, ինչպես նաեւ Հայաստանին ներռուսական գներով գազի մատակարարում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am