Reuters-ի հաղորդմամբ՝ Իրաքը պատրաստվում է սկսել նավթի արտահանումը Սիրիայի տարածքով՝ օգտագործելու համար այլընտրանքային երթուղի՝ շրջանցելով վտանգավոր Հորմուզի նեղուցը։

Նախատեսվում է, որ իրաքյան նավթը բեռնատարներով կհասցվի սիրիական Միջերկրական ծովի Բանիյաս նավահանգիստ, որտեղից այն կուղարկվի լցանավերով։

Պետական Syrian Petroleum Co.-ի ղեկավար Յուսեֆ Քիբլավին Bloomberg-ին հայտնել է, որ Իրաքի կառավարությունը դիմել է Սիրիային՝ խնդրելով կազմակերպել նավթի արտահանումը՝ որպես լրացում արդեն գործող մազութի մատակարարումներին։ Ըստ նրա՝ երկու երկրների միջև համաձայնագիրը գործնականում պատրաստ է, և իրաքյան նավթի բեռնատար փոխադրումները կարող են սկսվել մոտ ժամանակում։

«Հուսով եմ՝ հոկտեմբերի կեսերին նավթով բեռնված առաջին բեռնատար շարասյունը կհասնի Սիրիա»,- ասել է Քիբլավին։

Ներկայում Իրաքն արդեն օգտագործում է բեռնատարներ՝ մազութի մի մասը Բանիյաս հասցնելու համար։ Այնուհետև վառելիքը վերաբեռնվում է լցանավերի վրա՝ հետագա արտահանման համար։ Քիբլավիի տվյալներով՝ ամեն օր փոխադրումների մեջ ներգրավված է մոտ հազար բեռնատար, որոնցից յուրաքանչյուրն ունակ է տեղափոխել մոտ 220 բարել վառելիք։

Նա ակնկալում է, որ հում նավթի փոխադրման համար կպահանջվի առնվազն նույնքան ավտոմեքենա, իսկ հնարավոր է՝ օրական ավելի քան հազար բեռնատար, քանի որ իրաքյան նավթի արտահանման ծավալները զգալիորեն գերազանցում են մազութի մատակարարումները։

Syrian Petroleum Co.-ն ծրագրում է նաև Իրաքին նավթի պահեստավորման պահուստներ տրամադրել Բանիյասում։

Միևնույն ժամանակ, Սիրիայի տարածքով փոխադրումները կապահովեն Իրաքի ընդհանուր նավթային արտահանման միայն փոքր բաժինը։ Իրաքի կառավարության տվյալներով՝ անցյալ ամիս երկիրը օրական միջինում արտահանել է մոտ 2,7 միլիոն բարել նավթ, ներառյալ հյուսիսից՝ թուրքական Ջեյհան նավահանգստով մատակարարումները։

Բաղդադը ձգտում է այլընտրանքային երթուղիներ գտնել, երբ Հորմուզի նեղուցի աշխատանքի խափանումները սկսցեին լրջորեն հարվածել երկրի նավթային եկամուտներին։ Իրաքը միաժամանակ մազութով բեռնատարներ է ուղարկում Հորդանանի միջոցով, իսկ հում նավթի փոքր ծավալները, որոնք երկրի տնտեսության հիմքն են, արդեն փոխադրվում են նմանատիպ եղանակով։

Ամռանը քննարկվել է նաև Իրաքի և Սիրիայի միջև նավթամուղի վերականգնման հնարավորությունը։ Խողովակաշարը չի օգտագործվում արդեն երկար տարիներ։ Դրա վերականգնումը հնարավորություն կտար ստեղծել արտահանման ավելի կայուն երթուղի և նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Իրանի միջոցով մատակարարումներից։ Ըստ նախնական ծրագրերի՝ աշխատանքները կարող են սկսվել հաջորդ տարվա առաջին եռամսյակում։