Եթե այս պայմանագրերը այդքան կործանարար էին, բա ձեր կուսակցության (ԲՀԿ-ի-խմբ) ղեկավարները ո՞ւր էին, եթե ԲՀԿ-ի հարգարժան ղեկավարը նույն օրը կամ երկու օր հետո Ֆիզկուլտ ինստիտուտում ելույթ է ունենում, բայց պառլամենտում, ինչպես իրենք են ասում՝ այդ կործանարար հարցի քննարկմանը չի լինում, նշանակում է, որ նման կործանարար հետեւանքներ չունեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու համաձայնագրին:

«Եվ մինչ օրս այդ կուսակցության ղեկավարից նման «կորածանարար», «դավաճանական», «քրեական հետապնդում» առաջացնող կարծիքներ չեմ լսել»,– ասել է նա՝ հավելելով, որ գուցե սաստիկ սառնամանիքից ԲՀԿ–ական գործընկերներից մի քանիսը կորցրել են հիշողությունը եւ մոռացել են, որ իրենց չեն կարող լինել ընդդիմություն:

Շարմազանովի խոսքով՝ «գազային» համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ առաջնորդը, ըստ Շարմազանովի, իր վերջին ելույթում ամեն ինչից խոսեց, բացի գազային պայմանագրերից: «ՀԱԿ-ի ֆրակցիայի ղեկավարը, որ այդպես բարձրաձայն կուրծք է ծեծում, ինչո՞ւ իրենց առաջնորդը այդ մասին չի խոսում: Դե թող խոսի: Ազնիվ չէ մինչեւ ժամը 1-ը լինել ռուսամետ, ինչպես իրենք են ասում, 1-5–ը՝ արեւմտամետ, 5-ից մինչեւ ժամը 12-ը՝ իշխանամետ»,– ասաց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, որ հենց դրանով է պայմանավորված, որ մեր հասարակության բողոքավոր զանգվածը, ովքեր հավաքվել էին ԱԺ-ի մոտ, հույսեր չեն կապում ընդդիմության հետ: