ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կայացավ ՀՅԴ խմբակցությունում, քանի որ ԱԺ 334 սենյակի դռները չբացեցին նիստն անցկացնելու համար, պատճառաբանելով, որ խորհրդարանն արձակուրդում է, ինչպես նաեւ արձակուրդում են աշխատակիցները:

Հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական երեք անդամները չմասնակցեցին նիստին։ Նիստը կայացավ  ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Տիգրան Ուրիխանյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Թեւան Պողոսյանի մասնակցությամբը:  Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասերի վաճառքի վերաբերյալ քվեարկության արդյունքների վավերականության հարցն էր։

Հաշվիչ հանձնաժողովի նիստում միաձայն որոշմամբ ընդունվեց որոշում, ըստ որի՝ դեկտեմբերի 23-ին ոչ էլեկտրոնային եղանակով ԱԺ արտահերթ նիստի ընթացքում տեղի ունեցած բաց քվեարկության ժամանակ ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, հետեւաբար քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված քվեարկության արդյունքը վավեր չէ:

Այս որոշման համաձայն ոչ իշխանական ուժերը կդիմեն Սահմանադրական դատարան:

Հանձնաժողովի նիստը ղեկավարող Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իրենց նպատակն է նորից խորհրդարան վերադարձնել համաձայնագրերը եւ վերսկսել ողջ ընթացակարգը: «Դրա արդյունքում միգուցե կկարողանանք հասնել ինչ-որ արդյունքների»,- ասաց նա:

Հաշվիչ հանձնաժողովի նիստին ներկա չէր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ պատճառաբանելով, թե իր համար օրակարգը հասկանալի չէ:  Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը իրավունք ունեն նոր նախագահ ընտրելու: Նա առաջադրեց Թեւան Պողոսյանի թեկնածությունը, սակայն Թեւան Պողոսյանը ինքնաբացարկ հայտնեց՝ առաջադրելով Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը՝ նշելով, որ ժամանակն է, որ կանայք ղեկավարեն: Միաձայն որոշվեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ ընտրել Լյուդմիլա Սարգսյանին:

Հանձնաժողովը նաեւ  քարտուղար ընտրեց, Լյուդմիլա Սարգսյանը դարձյալ Թեւան Պողոսյանի թեկնածությունն առաջադրեց, սակայն  Թեւան Պողոսյանը  կրկին ինքնաբացարկ հայտնեց՝ առաջադրելով Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանն  էլ իր հերթին առաջադրեց հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցող ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի թեկնածությունը: Հանձնաժողովի չորս անդամները միաձայն քարտուղար ընտրեցին Իշխան Խաչատրյանին: Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում ընդունված որոշումն ու քվեարկության արդյունքները կներկայացվեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: