18-ամյա Կարլեն Ն.-ն ընկերոջից խնդրել է գիշերել նրա մեքենայում եւ առեւանգել է տրանսպորտային միջոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 37 թ. ծնված Կարեն Դ.-ն եւ հաղորդում տվել, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում, իր ծանոթը` 18-ամյա Կարլեն Ն.-ն, ընտանեկան խնդիրներ ունենալու եւ տուն վերադառնալու ցանկություն չունենալու պատրվակով, գիշերելու համար խնդրել է տրամադրել իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 23:00-ի սահմաններում, Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բակում ավտոմեքենան բանալիների հետ տվել է Կարլեն Ն.-ին՝ նույն բակում ավտոմեքենայի մեջ գիշերելու պայմանով, սակայն դեկտեմբերի 25-ին, ժամը 08:00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ Կարլեն Ն.-ն ավտոմեքենայի հետ անհայտացել է, խաբեությամբ տիրանալով դրան, իսկ հետագայում տեղեկացել է, որ Էջմիածին քաղաքում նա ավտոմեքենան վաճառել է ոմն Մայիսի` իրեն պատճառելով նյութական վնաս:
Կարլեն Ն.-ն հունվարի 3-ին, ժամը 21.40-ին, ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Մայիսի անձը պարզելու եւ նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:





























