Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի՝ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյանին դանակահարելու մասին: Լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքը եղել է հունվարի 12-ին: «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախ աճուկային շրջանի կտրած ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 87թ ծնված Գրիգոր Ա-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գրիգոր Ա.-ն գտնվել է հետնարկոզային վիճակում, ի վիճակի չի եղել բացատրություն տալու, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա այսօր ի վիճակի է խոսելու եւ հետաքննիչը հիվանդանոցում այցելել է նրան: Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:
«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը:»,- հայտարարել է կուսակցությունը:





























