2013թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ձերբակալությունները նպատակ ունեին ցույց տալու, որ Թուրքիայում կան  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ դուրս գալու պատրաստ ուժեր, հունվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ այդ ուժերն այն նախարարներն են, որոնց էրդողանն արդյունքում  ազատեց զբաղեցրած պաշտոններից:

Ըստ թուրքագետի՝ Էրդողանը պատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին՝ հույսը դնելով թուրք ժողովրդի աջակցության վրա: Հենց այս աջակցության վրա հույսը դնելով էլ նա ջանում է առավել անկախ քաղաքականություն վարել, ինչը զայրացնում է Ֆեթուլահ Գյուլենին ու նրա շարժմանը, որը, ըստ էության, ԱՄՆ-ի իշխանությունների քողարկված զայրույթն է արտահայտում:

Ըստ թուրքագետի՝ Գյուլենը եւս ցանկանում է Թուրքիայում տարածելով չափավոր իսլամի գաղափարները՝ այն մնացած մահմեդական երկրների համար մոդել դարձնել, այսինքն՝ աստիճանաբար մահմեդական երկրները Թուրքիայի շուրջ միավորել:

«Բայց Էրդողանն իսլամի առավել հավատարիմ հետեւորդներից է: Եվ թեեւ նա հայտարարում է, որ Թուրքիան աշխարհիկ ուղի կբռնի, նրա գործողություններում երկրի իսլամականացման միտում է զգացվում: Դա դուր չի գալիս Գյուլենին, ինչն էլ արտահայտվում է Գյուլենի միջոցով»,- հավելել է նա

Խուդավերդյանի խոսքով՝ չի բացառվում, որ առաջիկայում Արդարության եւ զարգացման կուսակցության պառակտման ականատեսը դառնանք: