Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին, հասարակությանը եւ սոցցանցերի օգտատերերին մեղադրել է պետական գաղտնիքի բացահայտման մեջ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին ժամանակներս պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի գործունեության հետ կապված՝ լրատվամիջոցներում հրապարակվում եւ էլեկտրոնային մեդիաներում ու սոցցանցերում տեղադրվում են տարբեր բնույթի տվյալներ»:
«Այդ տեղեկություններից շատերը ռազմական բնագավառի պետական գաղտնիք են: 2013թ. հոկտեմբերի վերջին Facebook-ում ստեղծվել էր պաշտպանության նախարարի հետ ոչ մի կապ չունեցող էջ՝ «Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով» անվանմամբ», - նշվում է հայտարարության մեջ:
«Պաշտպանության նախարարությունը, դիմելով լրատվամիջոցներին, հասարակությանը եւ սոցցանցերից օգտվողներին, նախազգուշացնում է զորամասերի համարների, դրանց նշանակության եւ գտնվելու վայրի, ինչպես նաեւ անձնական տեղեկության (անուն, ազգանուն, կոչում, պաշտոն) վերաբերյալ տեղեկություն տարածելու անթույլատրելիության մասին», - նշվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության վերոնշյալ հայտարարությունը միանգամից մի քանի եզրահանգումների տեղիք է տալիս՝ բավականին ծանր ԱՀ-ի պաշտպանական գերատեսչության եւ այդ երկրի հասարակության համար ընդհանուր առմամբ:
Այս տպավորիչ փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, նախորդում է ռազմական թեմայով գրաքննության ներմուծմանը՝ սահմանափակելով քաղաքացիների՝ խոսքի ազատության առանց այդ էլ սահմանափակ իրավունքը:
Մյուս կողմից էլ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածված «ռազմական գաղտնիքները» խոսում են համընդհանուր քաղաքական եւ քաղաքացիական տգիտության մասին:
Եվ վերջապես, լրատվամիջոցների, սոցցանցերի ազատ հասանելիության իրավունքը «ռազմական գաղտնի» տեղեկատվություններին՝ վկայում է առաջին հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից իր վրա դրված գործառույթների ոչ գրագետ իրականացման մասին:





























