Տավուշի մարզի սահմանամերձ 5-6 գյուղերի բնակիչները ստիպված են երթևեկել հակառակորդի տեսադաշտում գտնվող և վտանգավոր համարվող Վազաշեն-Պառավաքար ճանապարհով, քանի որ այլընտրանքային երթուղին, որը ՀՀ տրասնպորտի և կապի նախարարությունը դեկտեմբերի 10-ին խոստացել էր 1-1.5 ամսվա ընթացքում վերակառուցել, դեռ քարուքանդ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին սահմանամերձ Չինարիի բնակիչները:
«Ստիպված վտանգի ենք դիմում, որովհետև իրենց առաջարկած նոր ճանապարհը լրիվ քանդված է, միայն տեղ-տեղ հող ու քար են լցրել՝ փորձելով հարթեցնել խորդուբորդ ճանապարհը»,- ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Պառավաքար գյուղի մոտ հակառակորդը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, մահացել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել նրա հասակակից երեք ժամկետային զինծառայողներ։
Գյուղացիներից շատերն են նախընտրում երթևեկել վտանգավոր ճանապարհով, քանի որ այն ամբողջությամբ ասֆալտապատված է. «Օրեր առաջ մենք էլ ենք գիշերով էդ հատվածով անցել, չնայած վախենում էինք, բայց մեքենայով էն մյուսով անցնել չէր լինի. հաստատ կմնայինք ճամփին»,- ասաց Երևանում սովորող ուսանող՝ Չինարիի բնակիչ Կարենը:
Նրա խոսքերը հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը՝ նշելով, որ իրենք միշտ էլ երթևեկել են վտանգավոր ճանապարհով:
«Մեր տներն ավելի վտանգավոր են, մեզ վրա ավելի հեշտությամբ կարող են կրակել: Բացի դրանից զինվորները մեր անվտանգությունն ապահովում են: Հունվարի 14-ին եմ անցել այս ճանապարհով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը:
Վազաշեն-Պառավաքար ճանապարհով անցնելիս մարդիկ ստորագրում են, որ իրենք համաձայն են անցնել այդ հատվածով. « Ներքևում ոստիկանական պահակակետն է, իսկ վերևում վրան է տեղադրված. տարածքը հերթափոխով հսկում է մոտ 10 զինծառայող: Հետաքրքիրն այն է, որ զինվորի զոհված տեղում հին շալվարներ են կախել»,- ասաց Կարենը:





























