Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին` նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի եւ Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները` հավելելով, որ հակառակորդի նման պահվածքի պայմաններում մենք պետք է լինենք ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահենք սեփական ձեռքերում՝ միեւնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: