Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել կոչով, որտեղ ողջունում է 2014-ի առաջին միասնական հանրահավաքը, որի «հասարակական մեծ ճնշումն ի վերջո հանգեցնելու է հաղթական ավարտի»։
Նա Facebook-ի իր էջում տեղադրած կոչում նշում է.
«Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ 2014 թվականի մեր առաջին միասնական հանրահավաքը, որի հասարակական մեծ ճնշումն ի վերջո հանգեցնելու է հաղթական ավարտի։
Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, եւ դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման միջոցով մեր հայրենիքից կարող ուժերի մի նոր արտագաղթի ալիք ստեղծելն է։ Սակայն դա թույլ չենք տալու եւ չենք հանդուրժելու։
«Ժառանգության» եւ հանրահավաքին մասնակցող խորհրդարանական մյուս կուսակցությունների միացումը ձեր արդար եւ օրինական պահանջին վկայում է, որ միայն համահասարակական ըմբոստության տեւական դրսեւորման շնորհիվ կարող ենք ապահովել վճռական բեկում 2014 թվականին։ Հետեւապես՝ դիմադրում ենք, պարտադրում ենք եւ ստեղծում օրինականը։ 2014-ը՝ ազատ, հայակենտրոն Հայաստանի համար»:
Նշենք, որ և «Դ!եմ եմ» շարժումը եւ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը համատեղ հանրահավաք կանցկացնեն հունվարի 18-ին, Երեւանի Ազատության հրապարակում:





























